Ո՞վ էր Վահե Իհսանը
Հայտնի է, որ Նեմեսիս գործողության ընթացքում պատժվել են մի շարք թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներ: Սակայն քչերին է հայտնի, որ Նեմեսիսի ընթացքում իրենց պատիժն են ստացել նաև մի քանի ազգությամբ հայեր: Սրանք պատժվել են թուրքական ոստիկանության հետ համագործակցելու և Հայոց Ցեղասպանության իրականացմանը օժանդակելու համար: Նրանցից մեկը Վահէ Իհսանը կամ Եսայեանն է: Նրա մասին շատ բան հայտնի չէ: Նրա ով լինելու մասին հիմնական տեղեկատվությունը վերցված է Արշավիր Շիրակյանի (Արշաւիր Շիրակեան) հուշերից: Շիրակյանն անձամբ է իրականացրել Վահե Իհսանին պատժելու գործողությունը և հետևաբար` նրա հուշերը կենտրոնական նշանակություն ունեն Վահե Իհսանին բնութագրելու հարցում:
Շիրակյանը Վահե Իհսանին բնութագրում է որպես «հայանուն հրեշ», ով Առաջին աշխարհամարտի ընթացքում դադար չունեցավ փողոցներ շրջելուց և հայերի տներ խուզարկելուց` առանձին կամ թուրք ոստիկանների ուղեկցությամբ: Առաջին աշխարհամարտի հենց սկզբից` ակնհայտորեն արդեն իսկ ուրվագծվում էր Հայոց Ցեղասպանության հետագա ընթացքը և թուրքական ոստիկանությունը կարիք ուներ մշտական հսկողության տակ պահելու հայերի շրջանում կատարվող իրադարձությունները և քիչ թե շատ աչքի ընկնող ցանկացած հայի: Այս գործում, ըստ Շիրակյանի` թուրքական ոստիկանությանն օգնում էին 300-ից ավելի հայազգի գործակալներ և մատնիչներ: Ազգությամբ հայ գործակալների այս խմբում իր կարևոր տեղն ուներ Շիրակյանի բնորոշմամբ այս «սևհոգի հայը»` Վահե Իհսանը: Նա անձամբ էր ուղեկցում թուրք ոստիկաններին հայ ուսանողների կամ մտավորականների տների խուզարկությունների ժամանակ: Երևում էր, որ ոստիկանական բարձր աստիճան ունի, քանի որ հրամայական տոնով էր խոսում իր հետ եղած թուրք ոստիկանների հետ: Մեկ անգամ նույնիսկ Շիրակյանի աչքի առաջ, փողոցում ապտակում է թուրք ոստիկաններից մեկին` հայի տան խուզարկությունը թերի կատարելու համար:
Վահե Իհսանը ոչ միայն Առաջին համաշխարհայինի ժամանակ էր զբաղված իր դավաճանական գործով, այլև Մուդրոսի զինադադարից հետո էլ շարունակում էր այն` այժմ էլ դառնալով քեմալականների գործակալը: Նա քեմալականներին էր փոխանցում հայ հեղափոխականների և մտավորականների անվանացանկը, որպեսզի Կոստանդնուպոլիս մտնելուց հետո նրանց ձերբակալեն:
Վահե Իհսանի դիմանկարը
Շիրակյանը իր հուշերում Վահե Իհսանին նկարագրում է այսպես` «բարձրահասակ, քիչ մը փորեղ, թեթեւ կարմիր այտերով, սեւ ոլորուն պեխերով մարդ մըն էր, սեւ աղուոր աչքերով, որոնք սակայն թուրք գաղտնի կամ պաշտօնական ոստիկանին յատուկ նենգ և կասկածոտ նայուածքով կը յառէին քեզի»: Վահե Իհսանի լուսանկարը հնարավոր չեղավ գտնել և դժվար էլ թե պահպանված լինի: Մեզ համար սակայն, կարևոր է հնարավորին առարկայացնել դավաճանի դեմքը: Ի վերջո, ցանկացած մարդու մասին լավը կամ վատը մտածելիս, առաջին հերթին պատկերացնում ենք նրա դեմքը: Եթե որևէ մեկի մասին մտածելիս մեր մտքում չի պատկերվում նրա դեմքը, ապա մենք ասում ենք` «չեմ ճանաչում»: Իսկ Վահե Իհսանին մենք պարտավոր ենք ճանաչել: Նրան և այդ տեսակը դեմքով չճանաչելը չափազանց վտանգավոր է:
Այս նպատակով` արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող հայտնի ծրագրերից մեկում մուտքագրելով Վահե Իհսանի արտաքին տեսքին վերաբերող Շիրակյանի նկարագրությունը, փորձեցինք ստանալ նրա դիմանկարը: Իհարկե, դժվար է վստահությամբ պնդել, որ Վահե Իհսանը իրականում ունեցել է պատկերից մեզ նայող հենց այս դեմքը: Այնուամենայնիվ` սա այն պատկերն է, որ ԱԲ-ն գեներացնում է Շիրակյանի նկարագրության հիման վրա:
Պատժի նախապատրաստությունը
Արշավիր Շիրակյանը ծնվել է 1900թ. հունվարի 1-ին, Կոստանդնուպոլսում: Նա Վահե Իհսանին պատժելու գործողությունը կատարել է 1920թ. մարտի 27-ին` 20 տարեկան հասակում: Շիրակյանի կենսագրությունը արժանի պատշաճությամբ և հարգանքով ներկայացնելը պահանջում է ծավալուն անդրադարձ: Այս գործը արդեն իսկ կատարված է բազմաթիվ հետազոտողների և նրան անձամբ ճանաչողների կողմից, ինչպես նաև` ներկայացված է հենց իր հուշերում: Հետաքրքրվողները հեշտությամբ կարող են դրան ծանոթանալ համացանցում: Կարծում ենք` այստեղ կարիք չկա Արշավիր Շիրակյանի կենսագրության մանրամասները ներկայացնելու: Մեր նպատակը Վահե Իհսանին պատժելու գործողության մանրամասները ներկայացնելն է:
Քանի որ, Վահե Իհսանը ներառված էր Նեմեսիս գործողության պատժի ենթակա անձանց ցուցակում, նրան ամենուր հետևում էին: Մինչ այդ` արդեն մի քանի լրտես-մատնիչներ ստացել էին իրենց արժանի պատիժը այլ վրիժառուների կողմից, օրինակ` Մուխթար Հարություն Մկրտչյանը, որը հայ մտավորականների անվանացուցակը կազմել և հանձնել էր թուրքական ոստիկանությանը, հնչակյան գործիչ և գրող Հմայակ Արամյանցը և այլն: Վահե Իհսանը գիտեր, որ իրեն հետևում են, լավ էր հասկանում թե դա ինչ է նշանակում և հենց այդ պատճառով էլ` խիստ զգուշավորություն էր ցուցաբերում:
Շիրակյանը մի բնութագրական դրվագ է պատմում նրա զգուշավորության և խորամանկության աստիճանի մասին: Սրճարանում սուրճ խմելիս և իբր թերթ կարդալիս, նա վառվող ծխախոտով մի փոքր անցք է բացում թերթի մեջ և այդ անցքի միջով հետևում է իր շուրջը կատարվող իրադարձություններին: Այդ կերպ նկատելով, որ մի երիտասարդ ուշադիր իրեն է հետևում, դուրս է գալիս սրճարանից, մի ոստիկան բերում և ձերբակալել տալիս այդ երիտասարդին: Այս միջադեպի պատճառով է, որ նրան հետևելու գործը այդ երիտասարդներից վերցվում և հանձնվում է Արշավիր Շիրակյանին: Վահե Իհսանի պաշտպանության համար նրան նույնիսկ թուրք ոստիկան էր կցված, ով միշտ նրա հետ էր:
Պատժի բուն գործողությունը
Ըստ Շիրակյանի` այդքան չարիքներ գործելուց հետո Վահե Իհսանի ողջ մնալը մի փոքր արժանապատվություն ունեցող ցանկացած հայ երիտասարդի համար նախատինք էր: Վստահաբար նրա այս համոզմունքն էր պատճառը, որ խնդրում է, որ հենց իրեն հանձնարարվի Վահե Իհսանին պատժելու գործը: Որոշվում է գործողությունը իրականացնել 1920թ. մարտի 27-ին: Գործողության ժամանակ Շիրակյանին ընկերակցում էր Արշակ Եզդանյանը (Մուշեղյան), ով հայտնի էր որպես Եզիտ Արշակ։ Վերջինիս դերը դեպքերի ընթացքին հետևելն էր, և եթե անհրաժեշտություն առաջանա նաև Շիրակյանին օգնելը: Եզիտ Արշակը արդեն իսկ իրականացրել էր մեկ այլ հայազգի մատնիչ, հնչակյան գործիչ և գրող Հմայակ Արամյանցի սպանությունը:
Պատժի բուն գործողության նկարագրությանը կցված է նաև արևմտյան շատ երկրների (հատկապես` ԱՄՆ) ոստիկանների կողմից օգտագործվող իրական գծապատկերի օրինակ: Նման գծապատկերներում արտացոլվում են արտաքին զննության արդյունքում զոհի վրա առկա հրազենային վնասվածքների տեղադրությունը: Այս փաստաթղթի հիմնական նպատակը գործի քննության ընթացքում քննիչներին, դատախազին և հատկապես դատարանին հնարավորություն տալն է հստակ պատկերացնելու, թե ինչ վնասվածքներ են առկա եղել զոհի մարմնի վրա: Մեր դեպքում նույնպես նման գծապատկերը հնարավորություն է տալիս հստակ պատկերացնելու Վահե Իհսանի մարմնի վրա առկա հրազենային վնասվածքների տեղադրությունը` նրա սպանվելուց անմիջապես հետո: Գծապատկերի համար որպես հիմք է վերցվել Վահե Իհսանի սպանության Շիրակյանի նկարագրությունը:
Մարտի 27-ի առավոտյան, Շիրակյանը փողոցով բարձրանալիս տեսնում է, որ Վահե Իհսանը դիմացից գալիս է` ձեռքերը գրպանում: Շիրակյանը գիտեր, որ նա միշտ գրպանում ատրճանակ է պահում: 10-15 քայլ հեռավորության վրա մի թուրք ոստիկան քայլում էր Վահե Իհսանի հետևից` որպես թիկնապահ: Շիրակյանը` ինչպես սովորաբար ծանոթ մարդ տեսնելիս են անում, ժպտում է Վահե Իհսանին և ձեռքը գրպանից հանելով բարևելու համար բարձրացնում է վեր: Իհսանը ստիպված է լինում նույնը անել և ձեռքը հանում է գրպանից` այնտեղ թողնելով ատրճանակը: Հենց այդ պահին Շիրակյանը հանում է ատրճանակը ու կրակում: Ըստ Շիրակյանի` նշան է բռնում ճակատին, սակայն վրիպում է և առաջին գնդակը դիպչում է կոկորդին: Իհսանը փորձում է գրպանից հանել ատրճանակը, միաժամանակ օգնություն խնդրելով անցորդներից: Թիկնապահ ոստիկանը կրակոցի ձայնը լսելուն պես փախչում է: Երկրորդ գնդակը հարվածում է Իհսանի ձեռքին: Զգալով, որ վիրավոր ձեռքով չի կարողանալու հանել ատրճանակը` նա փորձում է փախչել: Հետապնդելով նրան` Շիրակյանը հետևից ևս երկու կրակոց է արձակում: Փողոցում իրարանցում է սկսում: Չնայած անցորդներից ոչ ոք չի միջամտում, սակայն պատուհաններից ծաղկամաններ և զանազան առարկաներ են սկսում նետել Շիրակյանի ուղղությամբ` փորձելով խոչնդոտել Իհսանին հետապնդելը: Մի փոքր վազելուց հետո, Իհսանը ընկնում է և գլուխը խփում քարին: Չնայած հետևից կրակած գնդակներն էլ էին կպել նրան, սակայն դրանք էլ մահացու չէին եղել, քանի որ նա փորձում է կանգնել, սակայն չի կարողանում:
Իրարանցումից օգտվելով` Իհսանը հաջողում է գրպանից հանել ատրճանակը և ուղղել դեպի Շիրակյանը: Ժամանակ չտալով Իհսանին կրակելու` Շիրակյանը մոտենում է նրան և մնացած բոլոր փամփուշտները կրակում գլխին: Մի քանի քայլ հեռանալուց հետո նա նորից վերադառնում է` համոզվելու համար, որ «հրեշը մահացած է»: Ըստ Շիրակյանի հուշերի` Իհսանի գանգը ջախջախված էր և ուղեղի մի մասը դուրս էր թափվել, այն ուղեղի, որ տարիներ շարունակ շատ հայերի չարչարանքի ու մահվան պատճառ էր հանդիսացել: Համոզվելով, որ դավաճանը մահացած է, Շիրակյանը նորից լիցքավորում է ատրճանակը, որ մարդիկ չմտածեն, որ անզեն է ու չփորձեն բռնել իրեն: Ատրճանակը թափահարելով հավաքվածների վրա պահանջում ճամփա բացել ու հեռանում է:
Մամուլի արձագանքը
Կոստանդնուպոլսում հրատարակվող «Ճակատամարտ» թերթի 1920 թ. Մարտի 30-ի համարում անդրադարձ կա Վահե Իհսանի սպանությանը: Այդ անդրադարձում կան մի քանի կարևոր մանրամասներ Վահե Իհսանի մասին: Նախ նշվում է, որ սպանվածը Վահե Իհսան անունով հայ է, ով ոստիկանության պաշտոնյա էր: Թերթի կարծիքով սպանության շարժառիթը, ամենայն հավանականությամբ` վրեժխնդրությունն է, քանի որ սպանվածը իր պաշտոնն ու ազդեցությունը օգտագործելով մեծ վնասներ էր հասցրել իր հայ հայրենակիցներին: Թերթը նշում է, որ Վահե Իհսանի վրա վեց գնդակ է արձակվել: Թուրքական ոստիկանությունը ավելի քան 100 ոսկի է հատկացրել իր պարտականությունները կատարելու ընթացքում զոհված Վահե Իհսանի ընտանիքին: Թերթը, ակնհայտորեն լավ տեղյակ լինելով դեպքի բոլոր մանրամասներին` Վահե Իհսանի սպանության մասին ակնարկն ավարտում է հետևյալ խորիմաստ ձևակերպմամբ, որը շարունակում է արդիական մնալ և ուղերձ է պարունակում ապագա սերունդներին. «Բայց ինչ որ ուշագրաւ է այս գործին մէջ, այն նուազ համակրութիւնն է որ կը վայելեն կթան կօվերը Պոլսոյ մեջ: Ազդարարութիւն անոնց որ ցարդ կթան կօվեր էին»: Կարծում ենք պարզ է, թե թերթը ում նկատի ուներ կթան կովեր ասելով:
Ըստ թերթի տվյալների` Վահե Իհսանը ամուսնացած էր և ուներ 20 տարեկան մի տղա և երկու անչափահաս աղջիկ: Մահվան պահին երեք զավակ ունենալու փաստը լիովին հավանական է դարձնում այն, որ Վահե Իհսանի սերունդները հիմա էլ ապրում են մեր կողքին, հնարավոր է Թուրքիայում կամ Եվրոպայում, գուցե նաև Հայաստանում: Անշուշտ, սերունդները պատասխանատվություն չեն կարող կրել իրենց նախապապի կատարած արարքների համար: Սակայն, հաստատ դժվար կլինի ապրել այն բեռի հետ, որ քո նախապապը Թալեաթի հետ միասին եղել է Հայոց Ցեղասպանության համար պատժի ենթակա անձանց նույն ցուցակում:
Զենքը, որով իրականացվել է պատիժը
Քանի որ, իր հուշերում Շիրակյանը չի նշում, թե ինչ զենք է օգտագործել Վահե Իհսանին սպանելու ժամանակ, կփորձենք նրա կողմից նշված տեղեկությունների հիման վրա եզրակացություն անել հավանական զենքի տեսակի մասին: Ըստ Շիրակյանի նկարագրածի և նաև «Ճակատամարտ» թերթի տվյալների` նա Վահե Իհսանի վրա կրակել է 6 անգամ, որից հետո ատրճանակում փամփուշտները վերջացել են: Գործածված ատրճանակի հավանական տեսակը որոշելու համար որպես հիմք վերցնում ենք այն ատրճանակները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին օգտագործվել են Օսմանյան բանակի կողմից: Հավանականությունը մեծ է, որ Շիրակյանի կողմից օգտագործվել է հենց այս մոդելների ատրճանակներից որևէ մեկը, քանի որ դրանք էին, որ տվյալ ժամանակաշրջանում հեշտ էր ձեռք բերել Թուրքիայի տարածքում: Ինչպես հենց ինքը` Շիրակյանն է մեկ այլ առիթով նշում, նրանք թուրք զինվորականներին կաշառելով կարողանում էին զենք գնել: Ակնհայտ է, որ թուրք զինվորականներն էլ այդ զենքերը դուրս էին բերում իրենց բանակի զինանոցներից:
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան բանակի կողմից հիմնականում օգտագործվել են 7 տեսակի ատրճանակներ: Սակայն դրանց շարքում միայն մեկն է, որի փամփշտակալի տարողությունը 6 փամփուշտ է: Այս ատրճանակը Smith & Wesson New Model No 3 ռեվոլվերն է` արտադրված հատուկ Օսմանյան կայսրության պատվերով: Այս ատրճանակից Օսմանյան Թուրքիա է առաքվել ավելի քան 10,000 հատ և մեծ է հավանականությունը, որ հենց դրանցից մեկով էլ սպանվել է Վահե Իհսանը:
Վահե Իհսանին պատժելու գործողության նման մանրամասներով Հայոց Ցեղասպանության զոհերի հարազատներին, այսինքն` մեզ բոլորիս, ներկայացնելու նպատակը հնարավորություն տալն է, գոնե մտովի, ներկա գտնվելու պատժի ի կատար ածման գործողությանը` ինչպես դա արվում է ԱՄՆ-ում իրականացվող մահապատիժների դեպքում: Սրանով փորձ է արվում, ոչ թե ետ բերելու Ցեղասպանության զոհերին, ինչը ցավոք հնարավոր չէ, այլ ետ բերելու ինքներս մեզ և շարունակելու ապրել: