Նեմեսիս գործողություն. վրե՞ժ, թե՞ արդարադատություն

Նեմեսիս գործողության մասին գրվել են հազարավոր էջեր և վստահաբար դեռ գրվելու են: Վերլուծվել, պատմվել ու վերապատմվել են դրա բազմաթիվ դրվագներ: Գործողություններից մի քանիսի մանրամասները առավել հայտնի են հանրությանը, մյուսներինը՝ ոչ այնքան: Որոշ դրվագներ դեռ ամբողջովին բացահայտված չեն և սպասում են իրենց ուսումնասիրողին: Նեմեսիս գործողության և դրա մասնակիցների մասին գրվել են երգեր ու բանաստեղծություններ, կանգնեցվել են արձաններ, անվանակոչվել են փողոցներ: Սակայն` Նեմեսիս գործողությունից ավելի քան հարյուր տարի անց, մենք ինքներս մեզ չենք տվել որոշ կարևոր հարցեր և չենք ջանացել գտնել մեր իսկ հարցերի պատասխանները:

Ի՞նչ էր Նեմեսիս գործողությունը

Ի վերջո, ի՞նչ էր Նեմեսիս գործողությունը: Դա ցեղասպանված, դավաճանված, լքված ու կործանման եզրին հասցված ազգի ջղաձիգ ու հուսահատ պոռթկու՞մ էր, թե՞, կշռադատված պատասխան էր իր նկատմամբ գործած ու անպատիժ մնացած ահավոր հանցանքին: Նրանք, ովքեր հակված են Նեմեսիս գործողությունը բնութագրել որպես հուսահատ պոռթկում, այն ինչ-որ չափով նմանեցնում են քրեական իրավունքից հայտնի հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի (աֆեկտի) վիճակում իրականացված գործողության: Իհարկե, Նեմեսիսը հայ ժողովրդի «կոլեկտիվ աֆեկտի» վիճակում իրականացված գործողություն համարելը արդարացի չի լինի: Ցանկացած հմուտ իրավաբան կհաստատի, որ աֆեկտի վիճակում կատարված գործողության համար այն չափազանց լավ պլանավորված և սառնասրտորեն իրականացված էր:

Հետևաբար` վստահորեն կարելի է պնդել, որ այն կշռադատված պատասխան էր անպատիժ մնացած հրեշավոր հանցանքին: Որպես առանձին վերցված, արդարադատություն իրականացնելուն ուղղված գործողություն` այն իհարկե հաջողված էր, սակայն ինչու՞ այն կիսատ մնաց: Ինչու՞ այն չդարձավ քաղաքականություն, այնպես ինչպես օրինակ` քրեական իրավունքում գործող «պատժի անխուսափելիության սկզբունքը»: Եթե Նեմեսիս գործողությունը հայ ժողովրդի կողմից ընդունվեր որպես նոր քաղաքականություն, ապա այն կձևակերպվեր մոտավորապես այսպես` հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ իրականացված ցանկացած հանցագործություն, որը միջազգային հանրության կողմից կմնա անպատիժ, անխուսափելիորեն պատժվելու է հայ ժողովրդի կողմից: Որպես քաղաքականություն այս ձևակերպումը հստակ է, բարոյապես և իրավաբանորեն անխոցելի, և որ ամենակարևորն է` իր մեջ պարունակում է կանխարգելիչ տարր: Ի վերջո` պատժի անխուսափելիության սկզբունքի կարևորագույն նպատակը հենց կանխարգելումն է: Դրա հիմնական իմաստը, համոզիչ կերպով ցույց տալն է բոլորին, հատկապես՝ ապագա հանցագործներին, որ անպատիժ մնալ չի հաջողվելու և վաղ թե ուշ պատիժը վրա է հասնելու: Նման քաղաքականության որդեգրումը ուղերձ կլիներ նաև միջազգային հանրությանը, որ մեր նկատմամբ իրականացված հանցագործությունները ճիշտ կլինի, որ պատժվեն միջազգային իրավունքի համաձայն` միջազգային դատարանների կողմից, այլապես, դրանք միևնույնն է անպատիժ չեն մնալու: Մենք ցույց կտայինք, որ չենք հանդուրժելու մեր նկատմամբ հանցանք կատարածների հետ «առևտուրը» միջազգային հանրության կամ դրա առանձին «հզոր» ներկայացուցիչների կողմից:

Այն, որ Նեմեսիս գործողությունը հայ ժողովրդի կշռադատված պատասխանն էր իր նկատմամբ իրագործված և անպատիժ մնացած ահավոր հանցանքին, նկատել էր նաև Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի «հայրը» համարվող Ռաֆայել Լեմկինը: Նա CBS հեռուստաընկերությանը 1949 թ. տված իր հարցազրույցում նշում է, որ Հայոց Ցեղասպանության համար մեղավոր հանցագործներին չպատժելն էր պատճառը, որ մարդիկ «արդարադատությունը իրենց ձեռքը վերցրեցին» և սպանեցին օրինակ՝ Թալեաթ փաշային: Նրա կարծիքով սա չպետք է տեղի ունենար, քանի որ հանցագործները պետք է պատժվեին օրենքի և դատարանների միջոցով, այլ ոչ թե մասնավոր անձանց կողմից:

Նեմեսիս գործողություն – Պատժի անխուսափելիություն

Նեմեսիս գործողությունը պատժի անխուսափելիության սկզբունքի ուսանելի օրինակ էր բոլորի համար: Գործողության թիրախում հայտնված բոլոր հանցագործները պատժվել էին հրապարակայնորեն, մարդաշատ վայրերում: Նրանց հանցագործ լինելու հանգամանքը չէր վիճարկվում որևէ մեկի կողմից: Նրանցից շատերի սպանության մասին գրել էր համաշխարհային մամուլը: Ակնհայտ էր, որ միջազգային հանրությունը եթե ոչ համակրանքով էր վերաբերվում գործողությունները իրականացնողներին, ապա գոնե ըմբռնումով էր մոտենում նրան, որ հրեշավոր հանցագործությունների պատասխանատուները արդարացի պատիժ են ստանում:

Հանցագործներին հրապարակայնորեն պատժելու պրակտիկան հազարամյակների պատմություն ունի: Բացի պատժի անխուսափելիության հրապարակային ցուցադրությունից, այն իր մեջ պարունակում է նաև ամբողջ հասարակության և հատկապես` հանցագործությունից անմիջականորեն տուժած անձանց վրեժի զգացումը բավարարելու նպատակ: Հանրության աչքի առաջ ի կատար ածված պատիժը, օրինակ՝ քաղաքի հրապարակում հանցագործին կախաղան բարձրացնելը, հնարավորություն էր տալիս հասարակությանը վրեժ լուծելու հանցագործից: Տեսնելով հանցագործի տառապանքն ու նվաստացումը, նախ` հասարակությունն ինքն էր բավարարված զգում, որ հանցագործությունը պատժվել է, և նաև հավաստիանում էր, որ զոհերը հատուցում են ստացել:

Մե՞ղք, թե՞ արդարադատություն

Մյուս կողմից սակայն, չպետք է մոռանալ, որ քրիստոնեությունը չափազանց բացասական վերաբերմունք ունի վրեժի հանդեպ: Հին Կտակարանում վրեժը ընդունելի էր համարվում, եթե իրականացվել էր սահմանված «բանաձևի» շրջանակներում, այն է՝ «կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, խարանի դիմաց՝ խարան, վէրքի դիմաց՝ վէրք, հարուածի դիմաց՝ հարուած» (Ելք 21:24-25): Սակայն՝ Նոր Կտակարանում արմատապես փոխվել է Հին Կտակարանի համարժեք վրեժի բանաձևը և տրվել է վրեժի անթույլատրելիության վերաբերյալ թերևս մեզանում ամենահայտնի ձևակերպումը, դրանով իսկ՝ ըստ էության, վրեժը դարձնելով մեղք. «Լսել եք, թե ինչ է ասվել. «Աչքի փոխարեն աչք պիտի հատուցես, ատամի փոխարեն՝ ատամ»։ Իսկ ես ձեզ ասում եմ. -Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին։ Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան։ Եվ եթե մեկը ուզի քեզ դատի կանչել շապիկդ առնելու համար, բաճկո՛նդ էլ տուր նրան» (Ավետարան ըստ Մատթեոսի 5.38-40):

Քրիստոնեական եկեղեցին, ինչպես նաև պետական համակարգը մեզ ամեն կերպ փորձում են ետ պահել վրեժի մասին անգամ մտածելուց, առաջինը՝ հորդորելով այն թողնել Աստծուն, իսկ երկրորդը` պետությանը: Սակայն հազարամյակների ընթացքում մենք, որպես մարդ չենք կորցրել վրեժի զգացումը: Մենք հաճախ ենք մտածում, իսկ երբեմն նաև երազում դրա մասին: Այն ոչ մի տեղ չի անհետանում: Չնայած աստվածաշնչային և օրենսդրական հազարամյա հորդորներին` մենք ավելի «քաղաքակիրթ» չենք դառնում: Մենք չենք կարողանում սովորել չհակառակվել մեզ չարիք անողին, ինչպես մեզանից պահանջում է Աստվածաշունչը: Մենք չենք կարողանում հանգիստ նստել և սպասել, թե երբ և ինչպես է Աստված կամ պետությունը պատժելու մեր նկատմամբ չարիք գործածին: Արևմտյան, այսինքն` քրիստոնեական քաղաքակրթությունը, լուրջ աշխատանք է տարել վրեժի գաղափարը հնարավորինս մերժելի դարձնելու համար: Հիմնականում բերվել է այն փաստարկը, որ վրեժը ինքնին հակաբարոյական զգացում է, քանի որ դրա հիմքում ընկած է ատելությունը: Այն բնութագրվում է որպես մեկ ուրիշի տառապանքից հաճույք ստանալ, ինչը չի կարող բարոյական համարվել: Սակայն, արդյո՞ք չկան մարդիկ ովքեր իրենց կատարած հանցագործությունների ծանրության փաստով օբյեկտիվորեն արժանի են տառապանքի: Եվ արդյո՞ք ըմբռնումով չպետք է մոտենալ նրան, որ մյուսները, հատկապես՝ նրանց հանցագործությունների զոհերը, կամ զոհերի հարազատները, բարոյապես իրավունք ունեն եթե ոչ հաճույք ստանալու նրանց տառապանքից, ապա գոնե այդ տառապանքը արդար համարելու: Ահա այստեղ է, որ «վրեժ» ու «արդարադատություն» հասկացությունները խաչվում են այնպես, որ երբեմն դժվար է լինում տարբերակել մեկը մյուսից: Հստակ է, որ գործում է հետևյալ բանաձևը` պետությունը փորձում է արդարադատության սահմաններում հնարավորինս բավարարել հասարակության վրեժի զգացումը, իսկ հասարակությանը կոչ է անում իրենց վրեժի զգացումը հնարավորինս տեղավորել արդարադատության օրենսդրական շրջանակներում:

Կարդալով այս պատմությունը փորձեք ինքներդ ձեզ համար պատասխանել հարցին՝ նկարագրվածը վրեժ է՞, թե՞ արդարադատություն: Պլուտարքոսը «Համեմատական կենսագրություններ» աշխատության մեջ պատմում է մի դրվագ Հուլիոս Կեսարի կյանքից: 25-ամյա Կեսարը Էգեյան ծովում նավարկելիս գերի է ընկնում ծովահենների մոտ: Նախ նա հետաքրքրվում է ծովահեններից, թե որքա՞ն փրկագին են պահանջել իր համար և իմանալով, որ պահանջել են 20 տաղանդ վրդովվում է, որ իր համար այդքան փոքր փրկագին են պահանջել` առաջարկելով պահանջել 50 տաղանդ: Նա իրեն ուղեկցողներին ուղարկում է գումարը բերելու, իսկ ծովահեններին սպառնում է, որ իր ազատ արձակվելու դեպքում նա անխտիր բոլորին խաչելու է: Վստահաբար ծովահենները այս սպառնալիքը որպես կատակ են ընդունում: Փրկագինը վճարելուց և ազատ արձակվելուց հետո Կեսարը, չնայած նրան, որ այդ պահին որևէ պետական ​​կամ ռազմական պաշտոն չէր զբաղեցնում, հավաքում է ռազմածովային ուժեր, հետապնդում է ծովահեններին, բռնում նրանց ու իր խոստման համաձայն` բոլորին խաչում: Եթե այս պատմության մեջ Կեսարի արածը արդարադատություն էր, ապա այն շատ նման էր վրեժի և ընդհակառակը՝ եթե համարենք, որ այն վրեժ էր, ապա այն չափազանց մոտ էր արդարադատությանը:

Հարկ է նկատի ունենալ, որ վրեժ ասելով պետք է հասկանալ հանցագործության անմիջական զոհի կամ նրա մերձավոր ազգականների կողմից տվյալ հանցագործությունը անմիջականորեն կատարած անձի նկատմամբ իրականացված վրեժը: Բոլոր այն դեպքերում, երբ վրեժի թիրախ են դառնում հանցագործությունը կատարած անձի հարազատները, նրա ազգակիցները կամ առհասարակ որևէ մեկը բացի բուն հանցագործությունը կատարած անձից, ապա մենք գործ ունենք ոչ թե վրեժի այլ հանցագործությանն ի պատասխան կատարված նոր, վստահաբար ոչ պակաս ծանր հանցագործության հետ:

Վրեժ և սոցիալական պայմանագիր

Հայտնի է, որ քաղաքակիրթ պետություն ստեղծելու նպատակով հասարակության անդամները, համաձայն «սոցիալական պայմանագրի», իրենց որոշ իրավունքներ զիջել են պետությանը: Զիջված իրավունքների ցանկում կարևոր տեղ է զբաղեցնում հասարակության մեկ այլ անդամի նկատմամբ ուժ կիրառելու իրավունքը: Այս իրավունքը պետությանը զիջելով, մենք որպես քաղաքակիրթ հասարակության անդամներ պետության իրավապահ համակարգին ենք տրամադրվել ուժի կիրառման մենաշնորհ: Մարդիկ իրենց վրեժ լուծելու բնական իրավունքից չեն հրաժարվել այն պատճառով, որ որոշել են այլևս վրեժ չլուծել: Նրանք ուղղակի իրենց նկատմամբ կատարված հանցագործության համար վրեժ լուծելու իրավունքը (նաև պարտականությունը) փոխանցել են պետությանը, պատվիրակելով լուծել իրենց վրեժը օրենքի շրջանակներում, լեգիտիմ ճանապարհով: Բոլոր այն դեպքերում, երբ պետությունը չի կարողանում, կամ չի ցանկանում կատարել իր վրա դրված վրեժ լուծելու այս պարտականություն, այն ըստ էության խախտում է հասարակության հետ կնքած սոցիալական պայմանագիրը: Հենց նման դեպքերում, երբ պետությունը կամ միջազգային հանրությունը չեն կատարում սոցիալական պայմանագրով իրենց իսկ ստանձնած պարտավորությունը և հանցագործությունը թողնում են անպատիժ, անձանց մոտ արթնանում է վրեժ լուծելու, արդարություն հաստատելու, խլված արժանապատվությունը վերականգնելու, զոհ լինելու խարանը մաքրելու բնական զգացումը, կամ եթե կուզեք ինստինկտը: Իհարկե վրեժը զոհերին ետ չի բերում, բայց այն մեզ է ետ բերում: Ահա այս մեզ ետ բերելու առաքելությունն է, որ փորձ է արվել անել Նեմեսիս գործողության շրջանակներում, ինչի մասին գլխի էր ընկել նաև Ռաֆայել Լեմկինը:

Նեմեսիս աստվածուհին

Musée du Louvre, Département des Antiquités grecques, étrusques et romaines

Պետք է նշել, որ նույնիսկ գործողության անվանումն է խիստ խորհրդանշական: Այն իր մեջ պարունակում է նաև ապագային ուղղված ուղերձ, թե ինչ, կքննարկենք ապագայում: Նեմեսիսը հունական դիցարանի աստվածուհի է, ով մարմնավորում է վրեժխնդրությունն ու պատիժը: Նա պատասխանատու է անպատիժ մնացած ծանր մեղքը արժանի և խիստ պատժի արժանացնելու համար: Նեմեսիս աստվածուհու դաժան, բայց արժանի պատժին արժանանում է հատկապես անպատիժ մնացած հուբրիս-ը, ինչը նշանակում է բռնության կանխամտածված կիրառում զոհին նվաստացնելու նպատակով, որից հանցագործը բավականություն է ստանում: Ըստ հունական դիցաբանության՝ նման հանցագործություն կատարողը խախտում է աստվածների կողմից սահմանված կանոնները, ինչի համար և Նեմեսիս աստվածուհու կողմից արժանանում է դաժան պատժի: Սակայն՝ պետք նաև նկատի ունենալ, որ Նեմեսիս աստվածուհու «պարտականությունները» չեն սահմանափակվում միայն հուբրիս-ը պատժելով, նա նաև պատասխանատու է այն անձանց պատժելու համար, ովքեր անարժան լինելով երջանիկ կամ բարեկեցիկ կյանք են վայելում: Ըստ էության՝ Նեմեսիս աստվածուհին պատասխանատու էր հասարակության մեջ հավասարակշռության պահպանման համար: Ոչ մի ծանր հանցագործ չպետք է անպատժ մնա և ոչ ոք անարդարացիորեն չպետք է արժանանա բախտի բարեհաճությանը: Վերջինը վստահորեն ներառում է նաև կատարած հանցագործության արդյունքում ստացված նյութական բարիքներից օգտվելու անթույլատրելիությունը: Հատկանշական է, որ Լուվրի թանգարանում պահվող մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող Նեմեսիս աստվածուհու արձանի ձեռքում անիվ է, ինչը բախտի փոփոխական լինելու խորհրդանիշն է: Աստվածուհին պետք է շրջեր բախտի անիվը նրանց համար, ովքեր այդ բախտին արժանի չէին:

Հրապարակային պատիժ

Նեմեսիս գործողությունից անցել է ավելի քան հարյուր տարի: Մենք այս գործողության պլանավորման, կազմակերպման ու իրականացման մասին որոշ բաներ գիտենք, որոշ բաներ դեռ իմանալու ենք, իսկ որոշ բաներ էլ երբեք չենք իմանալու: Մեզ հասանելի ինֆորմացիան հնարավորություն է տալիս անդրադառնալու մի կարևոր թեմայի, այն է՝ ինչպես է կատարվել հանցագործներին պատժելու բուն գործողությունը: Ինչպես արդեն նշվել է՝ պատժի հրապարակային իրականացումը կարևոր նշանակություն ունի առաջին հերթին զոհերի և հասարակության համար այն առումով, որ նրանք կարողանում են հավաստիանալ, որ արդարադատություն է իրականացվել և իրենց վրեժը լուծված է: Հրապարակային պատիժը միայն միջնադարյան քաղաքի հրապարակում խարույկի մեջ այրված, գլխատված կամ կախաղան բարձրացված հանցագործները չեն: Հրապարակային պատժի տարրեր են նաև մերօրյա հրապարակային դատաքննություններն ու դատարանի դահլիճից լրագրողների ռեպորտաժները: Դրանց միջոցով հասարակությունը և նաև զոհի հարազատները իրենց աչքով են տեսնում իրականացված արդարադատությունը և դա արդար համարելու դեպքում` համարում են իրենց վրեժը լուծված:

Նեմեսիս գործողության դեպքում մենք գիտենք, որ պատժվել են մի շարք հանցագործներ, սակայն մենք մեր աչքով չենք տեսել արդարացի պատիժը և հետևաբար մեզ համար տվյալ անձանց նկատմամբ արդարադատության իրականացումը չի առարկայացել: Մենք մեզ համար մտովի չենք պատկերացրել թե իրականում ինչպես է պատժվել այս կամ այն հանցագործը, որտեղ, ինչ զենքով, ինչ պայմաններում: Նման դետալներով պատժի մասին ինֆորմացիա ունենալը հնարավորություն է տալիս գոնե այդ անձի մասով փակված համարել արդարադատության հարցը և շարունակել ապրել: Այլապես` հանցագործությունը, նույնիսկ կատարված լինելով ավելի քան հարյուր տարի առաջ, զոհին բաց չի թողնում: Անպատիժ մնացած հանցագործությունը զոհի սերունդներին պահում է զոհի կարգավիճակում, իսկ հանցագործի սերունդներին՝ հանցագործի:

ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 53-ում գործում է մահապատիժը: ԱՄՆ-ում վերջին հրապարակային մահապատիժը իրականացվել է 1936թ., ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հրապարակային կախաղան տեսնել ցանկացողների մոտ, Կենտուկի նահանգում: Չնայած նրան, որ ԱՄՆ-ում հրապարակային մահապատիժներ այլևս չեն իրականացվում, սակայն նույնիսկ բանտի պատերից ներս իրականացվող մահապատիժներին իրավունք ունեն մասնակցելու զոհի հարազատները: Նրանք հնարավորություն են ունենում իրենց աչքով տեսնելու հանցագործին մահապատժի ենթարկելու ողջ գործընթացը և լսելու նրա վերջին խոսքը` որոշ դեպքերում` ներողության, որոշ դեպքերում էլ նզովքի:

Նեմեսիս դեպքում մենք չենք տեսել պատժի ի կատար ածելու բուն գործողությունը, ինչպես ԱՄՆ-ում դրա հնարավորությունն ունեն զոհերի հարազատները: Այս պատճառով, կփորձենք դետալներով ներկայացնել Նեմեսիս գործողության ընթացքում սպանված հանցագործների պատժի իրականացման մանրամասները: Նպատակը Հայոց Ցեղասպանության զոհերի հարազատներին, այսինքն` մեզ բոլորիս, հնարավորություն տալն է գոնե մտովի ներկա գտնվելու պատժի ի կատար ածմանը, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում և ի վիճակի լինել շարունակել ապրել: Սրանով փորձ է արվելու, ոչ թե ետ բերել Ցեղասպանության զոհերին, ինչը ցավոք հնարավոր չէ, այլ ետ բերելու ինքներս մեզ:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top